ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Գյումրու սահմռկեցուցիչ ոճիրի դասերը

Գյումրու սահմռկեցուցիչ ոճիրի դասերը
12.01.2015 | 19:08

Այն, ինչ անցած գիշեր կատարվել է Գյումրիում, պարզապես սահմռկեցուցիչ է, դուրս նույնիսկ հանցագործ երևակայությունից: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայողը զենքով լքել է ծառայության վայրն ու սպանդի ենթարկել մի ամբողջ ընտանիքի՝ վեցին սպանելով, իսկ մի քանի ամսական երեխայի կյանքի համար բժիշկները պայքարում են: Այս ահաբեկչության հեղինակը ռուս է ու արդեն իսկ սոցցանցերում նկատելի են հակառուսական տրամադրություններ:

Ահաբեկչությունը, տականքը ազգային պատկանելություն չունեն, ու երբեք չէի ուզենա մեկ անասունի արարքը տարածել մի ամբողջ ժողովրդի, պետության վրա ու հեռուն գնացող հետևություններ անել: Չնայած նման վարքագիծը հարազատ է ռուսական քարոզչամեքենային. Բոլորս ենք հիշում, թե ինչպես էր նվաստացվում մեր հայրենակից Հրաչյա Հարությունյանը, երբ ընդամենը դժբախտ պատահարի հետևանքով՝ մարդկային զոհերի պատճառ էր դարձել, անընդհատ շեշտվում էր նրա էթնիկ պատկանելությունը: Սակայն պետք է վեր կանգնել վտանգավոր էմոցիոնալ արձագանքներից ու կատարել կոնկրետ հարցադրումներ, որոնք ավելի էական են, կօգնեն, որ քստմնելի այս ոճիրը բացահայտվի, նորերի հնարավորությունը բացառվի: Ռուսական ռազմաբազան կոչված է ապահովելու մեր անվտանգությունը, ի՞նչ երաշխիք կա, որ մարդկային նման տականքներով ու նման կարգապահությամբ, երբ զինվորը լքում է ծառայությունը՝ զենքը հետը տանելով, այս բազան կարող է իրականացնել իր առաքելությունը: Եթե Պերմյակով կոչվող անասունը հոգեկան հիվանդ է, ապա ինչպե՞ս են նրան վստահվել ծառայություն ու զենք, ռազմավարական երկիր կոչվածի անվտանգություն: Սրանք հռետորական հարցադրումներ չեն և ունեն շատ առարկայական հիմք ու պահանջում են հստակ պատասխաններ, առավել ևս, երբ ռուս զինվորականների կողմից հանցագործություններ ու սպանություններ եղել են նաև նախորդ տարիներին: Չգիտեմ՝ ռուսական բազան նպաստո՞ւմ է մեր երկրի անվտանգության ապահովմանը, թե՞ ոչ, բայց որոշակի լարվածություն հանրապետության երկրորդ քաղաքում առաջացնում է: Անկեղծ լինենք ու սրան գումարենք ևս մեկ հանգամանք. Գյումրին վաղուց, շատ վաղուց կորցրել է իր կոլորիտը, մշակութային դեմքը և կրիմինալ քաղաքի համբավ է ձեռք բերել: Թերևս անհրաժեշտ է, որ այս բոլոր հանգամանքները հաշվի առնվեն հանրապետության ղեկավարության կողմից ու դիֆերենցված, առանձնահատուկ ուշադրություն դարձվի այս քաղաքին, իրականացվի հատուկ ոստիկանական հսկողություն. բացահայտվեն հանցագործություն ծնող պատճառները, հայտնաբերվեն ու վնասազերծվեն դրա օջախները: Վերադառնալով կոնկրետ միջադեպին՝ ևս մեկ անգամ շեշտեմ, որ անկեղծորեն չեմ ուզենա, որ այն ստվերի հայ-ռուսական հարաբերությունները, իսկ դրա համար անհրաժեշտ է հանցագործության լիարժեք բացահայտում, առաջին հերթին՝ մոտիվների առումով, ու նաև ռազմաբազայի ղեկավարությունը պետք է հստակ հետևություն անի՝ մեր հասարակությանն ապացուցելու համար, որ անհրաժեշտ դասերը քաղված են: Իսկ Գյումրին երկար կհիշի աննախադեպ այս ոճիրը, այն մղձավանջը, որ 88-ից իշխել ու չի հեռանում հիասքանչ այս քաղաքի վրայից:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ